14.07.2014

Իշխանություն


Հայաստանի Հանրապետությունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ իրական ինքնիշխան պետության ստեղծում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության լուծում, քաղաքացիական հասարակության ձեւավորում, արտագաղթի կասեցում, նոր աշխատատեղերի ստեղծում… Ցանկը կարելի է շարունակել, բայց նպատակս իշխանությունների մասին գրելն է, որի գործունեության պատճառով են առաջացել նման խնդիրները։

1991 թ. սեպտեմբերը նշանակալից ու խորհրդավոր է եղել հայ ժողովրդի համար։ Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակել է իր անկախությունը, իսկ ՀՀ-ն սեպտեմբերի 21-ին անցկացրել է Անկախության հանրաքվե։ Մի կողմ թողնելով երկու անկախ հայկական պետությունների ստեղծման առեղծվածը, որի պատճառով ԼՂՀ-ն խաղաթուղթ է դարձել Ռուսաստանի եւ այլ գերտերությունների ձեռքին, անդրադառնանք հայկական երկու պետությունների իշխանությունների ձեւավորման խնդրին։ Հայաստանում իշանական համակարգը չի ձեւավորվել Հայ ազգային գաղափարախոսության հիման վրա կամ ազգային պետությանը յուրահատուկ սկզբունքներով։ Այն հիմնականում ստեղծվել է ու շարունակում է ձեւավորվել՝ արտաքին ուժերի միջամտությամբ, հովանավորչությամբ, «նշանակողների» կողմից «հավանական թեկնածուների փոխադարձ բացասումների» մեթոդով, «քաջնազարության» սկզբունքով, «ազատ եւ արդար» ընտրությունների միջոցով։ Իհարկե, եղել են ու կան մի շարք ազգային-հոգեւոր գաղափարներով առաջնորդվող իշխանավորներ, որոնց հայրենանվեր գործունեության հետեւանքով է, որ պահպանվում է Հայոց պետականությունը եւ Հայ Եկեղեցին։

ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված են աշխարհիկ իշխանությունների (օրենսդիր, գործադիր եւ դատական) վերաբերյալ դրույթները, իսկ հոգեւոր իշխանության (Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, Եպիսկոպոսաց ժողով, Գերագույն Հոգեւոր Խորհուրդ, Թեմական Խորհուրդ, Ծխական Խորհուրդ) մասին հստակություն չկա, նշված է միայն պետության եւ եկեղեցու տարանջատվածության եւ Հայ Եկեղեցու բացառիկ առաքելության մասին։

Մի արտառոց փաստ. ՀՀ առաջին Սահմանադրության մեջ Հայ Առաքելական Եկեղեցու մասին ոչ մի հիշատակում չկա։ Հետագայում սահմանադրական բարեփոխումներ կատարելու ժամանակ հայ քաղաքական ընտրանին երեւի հիշել է, որ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է եղել, այդ ուղղությամբ թեթեւակի լրացումներ է կատարել Սահմանադրության մեջ։ Ի դեպ, աշխարհի 19 պետություններում քրիստոնեությունը հռչակված է պետական կրոն։ Դրանք են՝ Արգենտինան, Բոլիվիան, Կոստա Ռիկան, Կիպրոսը, Դանիան, Սալվադորը, Հունաստանը, Իսլանդիան, Ֆինլանդիան, Լիխտենշտեյնը, Մալթան, Մոնակոն, Պապուա Նոր Գվինեան, Պարագվայը, Պերուն, Սամոան, Մեծ Բրիտանիան, Վանատուն, Վատիկանը։

Թե ինչո՞ւ Հայաստանը վերը նշված պետությունների շարքում չկա՝ լուրջ հարց է, բայց որ հոգեւոր իշխանությունն անտեսված է կամ հետին պլան է մղված՝ դա արդեն ազգային տեսանկյունից կործանարար է։ Հիմնավորեմ իմ հաստատումը։
Հայ անվանի աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթեւացին «Գիրք հարցմանց» երկում գրել է. «Քանի որ մարդը հոգու եւ մարմնի միասնություն է, այսինքն հոգով կապված է երկնային աշխարհի հետ, իսկ մարմնով՝ երկրային աշխարհի հետ, տարբերակվում է իշխանության երկու ձեւ՝ հոգեւոր եւ մարմնական։ Մարդը երկու «պետության» քաղաքացի է. նա միաժամանակ ենթարկվում է հոգեւոր իշխանությանը եւ աշխարհիկ-մարմնական իշխանությանը։ Հոգեւոր իշխանությունը իրականացնում են եկեղեցու առաջնորդները, որոնք կառավարում են Աստծո հոգեւոր տունը եւ մարդկանց հոգիները, իսկ թագավորները եւ իշխանները կարգավորում են աշխարհի մարմնավոր տունը՝ գյուղերը, քաղաքները, երկիրները եւ աշխարհը։

Այդ երկու իշխանությունների միջեւ, ըստ Տաթեւացու, գոյություն ունեն հետեւյալ տարբերությունները. առաջին՝ աշխարհիկ իշխանությանը մարդիկ ենթարկվում են բռնությամբ, հարկադրանքով եւ անհրաժեշտաբար, իսկ հոգեւոր իշխանությանը հնազանդվում են հոժարակամ եւ ազատ ընտրությամբ։ Երկրորդ՝ աշխարհիկ իշխանությունը անցողիկ է եւ փոփոխական, սահմանափակված տարածության եւ ժամանակի մեջ, իսկ հոգեւոր իշխանությունը մշտական է եւ ենթակա չէ տեղաժամանակային որեւէ սահմանափակության։ Երրորդ՝ աշխարհիկ իշխանությունը վերաբերում է միայն մարդու մարմնին եւ մարդու մահվանից հետո այլեւս ոչ մի ներգործություն չի ունենում, մինչդեռ հոգեւոր իշխանությունը վերաբերում է թե մարմնին եւ թե հոգուն եւ ներգործում է մարդու վրա նաեւ հանդերձյալ աշխարհում։ Այսպիսով, նշված առումներով Տաթեւացին հաստատում է հոգեւոր իշխանության առավելությունը աշխարհիկ իշխանության նկատմամբ։

Հարցի նման լուծումը տրամաբանական է, քանի որ ըստ քրիստոնեական վարդապետության, մարդու հոգին պատվական է մարմնից, բացի դրանից՝ երկրային կյանքը մարդու համար ժամանակավոր է, ուստի միջնադարյան քրիստոնյա մտածողները հոգեւոր իշխանությունը գերադասում էին աշխարհիկ իշխանությունից։ Համենայն դեպս, եվրոպական իրականության մեջ, որտեղ կաթոլիկ եկեղեցու գերիշխանությունը կյանքի բոլոր ասպարեզներում բացահայտ բնույթ էր կրում, կրոնափիլիսոփայական մտքի մեջ արմատավորված էր աշխարհիկ իշխանության նկատմամբ հոգեւոր իշխանության գերազանցության մասին գաղափարը։

Հայ իրականության մեջ, երբ Հայոց պետությունը ինքնիշխան է եղել (թե՛ հեթանոսական, թե՛ քրիստոնեական ժամանակաշրջաններում) հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործունեությունը կանոնակարգված է եղել՝ ազգին առաջնորդել են աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները։ Անգամ կիսաանկախ պետականություն ունենալու դեպքում էլ է այդպես եղել։ Դրա վառ օրինակն է Արցախը՝ մելիքությունների ժամանակաշրջանում։ Յուրաքանչյուր մելիքություն ունեցել է իր հոգեւոր, եպիսկոպոսանիստ կենտրոնը, իսկ բոլոր մելիքությունների հոգեւոր կենտրոնը եղել է Գանձասարը։ Արցախի մելիքությունների հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է եղել աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների միաբանությամբ։ Նրանք համատեղ են լուծել երկրի առաջ ծառացած ցանկացած խնդիր` յուրաքանչյուրը կատարելով իրեն իսկ վերապահված գործառույթները, որոնք հստակ տարանջատված են եղել միմյանցից։ Եւ պատահական չէ, որ օտար բռնակալների տիրապետության ժամանակաշրջանում Արցախը ոչ միայն կարողացել է պահպանել իր հայկականությունը, այլեւ կառուցվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ, վանքեր եւ եկեղեցիներ, դպրոցներ։ Նշենք, որ Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող կիսաանկախ Արցախը երբ 1813 թ. Գյուլիստանի պայմանագրով բռնակցվել է Ռուսաստանին, կարճ ժամանակում վերացրել են ե՛ւ մելիքությունները, եւ Աղվանից կաթողիկոսությունը։

Հայաստանում, օտարների տիրապետության ժամանակաշրջանում, բնականաբար, հայ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործառույթները եղել են խիստ սահմանափակված եւ կախված են եղել տիրապետողների ցանկություններից ու քմահաճություններից։ Եղել են պատմական երկարատեւ ժամանակահատվածներ, երբ օտար բռնակալները ազգի աշխարհիկ իշխանությունները վերացրել են, ազգին առաջնորդել են հոգեւոր իշխանավորները։ Նման իրավիճակներում Հայ Առաքելական Եկեղեցին իր կազմակերպությամբ դարձել էր հայկական պետություն իր կառույցներով։ Եկեղեցին բացառիկ դերակատարություն է ուեցել եւ ունի` պահպանելու եւ զարգացնելու մեր մշակույթը, լեզուն ու գրականությունը, արվեստները, դաստիարակությունը եւ սոցիալական զարգացումը։ Մեծ է եւ Եկեղեցու դերը երկրի ինքնապաշտպանության գործում։

Հայաստանի անկախացումից հետո անցել են քսանից ավելի տարիներ։
Հետաքրքիր է, ո՞վ է խանգարում մեզ` հայերիս, վերստեղծելու մեր պատմական ավանդույթները, վերականգնելու լիարժեք աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները։

Հայության մեջ լիարժեք հոգեւոր իշխանություն ստեղծելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ են համապատասխան քանակությամբ հոգեւորականներ։ Ցավոք, նման խնդիր ազգովին եւ պետականորեն չի դրվել ու չի դրվում։ Հայաստանը հռչակելով աշխարհիկ պետություն, եկեղեցին անջատելով պետությունից, Հայոց պետությունը չի միջամտում Հայ Եկեղեցու ներքին գործերին։ Ավելի պարզ՝ պետությունը չի աջակցում եկեղեցուն, չեզոք դիրք է գրավել։ Իսկ պետություն-եկեղեցի փոխհարաբերությունը կարգավորող մարմինը, որը նախկինում ուներ վարչության կարգավիճակ, այս տարվա հունվարի մեկից դարձրեն են բաժին, որի աշխատողների քանակը ԼՂՀ համապատասխան մարմնի աշխատողների քանակից երկուսով պակաս է։ Համեմատության համար նշենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների ավելի քան 65%-ի մոտ համապատասխան մարմինն ունի նախարարության կարգավիճակ, ավելի քան 30%-ը՝ վարչության կամ գլխավոր վարչության։

Հայտնի է, որ պետությունը լինելով հավատամքի ընկերային կազմություն եւ հասարակության բարոյական համակարգի իրավական կառույց, չի կարող հանդուրժել, որ իր հասարակությունը բարոյազրկվի, քանի որ նրա յուրաքանչյուր օրենքն իր հիմնական բարոյական համակարգի օրինակարգավորումն է։ Պետությունը չի կարող կրոնի հարցերում իրեն չեզոք հայտարարել, քանի որ դա փաստացի հրաժարում է հավատամքի ներգործությամբ դարերով ստեղծված եւ ստեղծվող հոգեւոր, մշակութային արժեքներից։ Այն հասարակարգը, որը չի պաշտպանում իր դավանական հիմքը, իրեն է վտանգում։ Եթե որեւէ հասարակարգ սկսում է քայքայվել, ապա դրա պատճառը իր հիմնական հավատքի անտեսումը կամ խեղաթյուրումն է։ Սրանք հանրագիտարանային պարզ ճշմարտություններ են, որոնք պարտադրաբար հաշվի են առնում բոլոր պետությունները։ Բայց թե ինչու Հայաստանի աշխարհիկ իշխանությունն այն հաշվի չի առնում, դա արդեն հայկական հերթական պարադոքսն է։

Իմ կարծիքով, հաջորդ Համահայկական համաժողովում՝ որպես առաջնային, պետք է դրվի համայն հայության համար լիարժեք հոգեւոր իշխանություն ստեղծելու հիմնահարցը։
Ընդհանրապես, իշխանավորների (աշխարհիկ եւ հոգեւոր) մասին փիլիսոփաները, աստվածաբանները, գրողներն ու այլ մտածողներ բազմաթիվ խելացի եւ ուսուցողական մտքեր են արտահայտել։ Թեմայի համար նպատակահարմար է մեջբերել Թուրքիո Հայոց պատրիարք Պողոս Ադրիանապոլսեցու (1815-1823 թթ.) ասույթներից մի քանիսը.

«Նա է իշ­խա­նութ­յան ար­ժա­նի, ում կա՛մ Աստ­ված է հայտ­նում, կա՛մ ժո­ղո­վուր­դը կա­մե­նում. ո­րով­հե­տեւ բռնութ­յամբ՝ ժո­ղովր­դի կամ­քին ու հա­ճութ­յա­նը հա­կա­ռակ, իշ­խան դառ­նա­լը սե­փա­կան ան­ձը թշվառ ու հա­սա­րա­կութ­յու­նը գե­րի դարձ­նել է։

- Տե­րութ­յան կամ ազ­գի մար­մի­նը բաղ­կա­ցած է օ­րի­նա­պահ իշ­խանից, աշ­խա­տա­սեր հպա­տակ­նե­րից, ի­րա­վուն­քի ար­դա­րութ­յու­նից ու սահմա­նա­կից ազ­գե­րի հետ խա­ղա­ղութ­յու­նից։ Իսկ երբ սրանց բա­րե­խառ­նու­թ­յու­նը խախտ­վում է, իշ­խա­նութ­յու­նը կամ հա­սա­րա­կութ­յու­նը թուլա­նում ու նվաճ­վում է կամ լի­նում է կոր­ծան­ման վտան­գի մեջ, կամ էլ իս­պառ կոր­ծան­վում։ Ուս­տի իշ­խա­նը պի­տի օ­րի­նա­պահ լի­նի, որ­պես­զի նաեւ մյուս բո­լոր մա­սե­րը, ո­րոն­ցից բաղ­կա­նում կամ հաս­տատ­վում է հա­սա­րա­կութ­յու­նը, մնան բա­րե­կար­գութ­յան մեջ, եւ տե­րութ­յան կամ ազ­գի ողջ մար­մի­նը մնա զո­րա­վոր ու հաս­տատ։ Կա­ռա­վա­րիչ­նե­րի սխալ­ներն ա­ղա­վա­ղում են իշ­խան­նե­րի ու ա­ռաջ­նորդ­նե­րի բա­րի համ­բա­վը։

- Ժո­ղովր­դի գլխա­վոր­նե­րի վայր­կե­նա­կան սխալ­մուն­քը մեծ վնաս է բե­րում շա­տե­րին եւ ձգվում բա­զում դա­րեր։ Ու­րեմն ի­մա­նա­լով, որ նրանք մարմ­նա­վոր մար­դիկ են՝ վի­ճակ­ված բազ­մավ­րեպ ու դյու­րա­սահ բնութ­յան, մար­դիկ շու­տա­փույթ ո­րո­շում պի­տի չկա­յաց­նեն, այլ ար­թուն մտքով կշռեն ու քննեն եւ միայն դրա­նից հե­տո վճիռ կա­յաց­նեն։ Ո­րով­հե­տեւ ե­թե դա­տաս­տա­նի մեջ մի ան­գամ սխալ­վեն, թե­կու­զեւ բազ­միցս զղջա­լու լի­նեն, նրանց սխալ­նե­րը հետ չեն դառ­նա։

- Ինչ­պես որ հնա­րա­վոր չէ կշռել սե­փա­կան ազ­գի օգ­տի հա­մար տքնող հայ­րե­նա­սեր իշ­խան­նե­րի հա­մա­չափ աշ­խա­տան­քի պա­տի­վը, այդ­պես էլ հնա­րա­վոր չէ կշռել նրանց զան­ցա­ռութ­յան զու­գա­չափ վնա­սի պատ­ճա­ռած ա­նար­գան­քը, երբ կա­րող են օ­գուտ բե­րել, բայց ո­րեւէ պատճա­ռով հետ քաշ­վե­լով՝ չեն ջա­նում այդ ա­նել։

- Իշ­խան­ներն ա­ռա­վել պի­տի հո­գան եր­կու բա­նի մա­սին. ա­ռա­ջին՝ ի­րենց խորհր­դա­կից ու­նե­նա­լու ի­մաս­տուն ու ա­ռա­քի­նի մարդ­կանց, ով­քեր կծաղ­կեց­նեն օգ­տա­կար ար­հեստ­նե­րը եւ ի­րենց՝ իշ­խան­նե­րին, կա­ռա­ջար­կեն բա­րին գոր­ծել, եւ երկ­րորդ՝ երկ­րա­գործ­նե­րին շա­տաց­նե­լու մա­սին, որ­պես­զի եր­կի­րը լավ մշակ­վե­լով պտղա­գոր­ծի՝ ժո­ղովր­դի ապ­րուս­տի ու սննդի հա­մար։

- Իշ­խա­նութ­յան հաս­տա­տու­նութ­յու­նը հիմն­վում է հա­վա­տար­մութ­յան, ար­դա­րութ­յան ու բա­րե­րա­րութ­յան վրա՝ թե՛ հպա­տակ­նե­րի եւ թե՛ սահ­մա­նա­կից ժո­ղո­վուրդ­նե­րի հան­դեպ։ Ուս­տի երբ սրանք պա­կա­սում են, եւ սրանց փո­խա­րի­նում են խար­դա­խութ­յու­նը, ա­նի­րա­վու­թ­յունն ու անգ­թութ­յու­նը, օր օ­րի տկա­րա­նա­լով՝ իշ­խա­նութ­յու­նը կոր­ծան­վում է»։

 Իմ համոզմամբ, հայ ազգին պարտադրված բոլոր մարտահրավերները կարելի է լուծել, եթե ազգին առաջնորդեն բարոյական նկարագիր ունեցող, ազգային արժեքներին եւ նպատակներին հավատարիմ աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորները։

 Դարեր շարունակ հայը ապրել է համայնքային կյանքով, անգամ՝ խորհդային ժամանակահատվածում։ Ներկայիս «վայրի» կապիտալիստական հասարակությունում, որտեղ մենք ապրում ենք, գյուղական համայնքները ավելի շատ հիշեցնում են խորհրդային տարիներին կոլխոզից «խռոված» մենատնտեսների կամ «անհատականների» հանրություն։ Շատ համայնքներում տեղական ինքնակառավարումը ձեւական բնույթ է կրում։ Համայնքի յուրաքանչյուր անդամի մտահոգությունը իր սեփականությունը արդյունավետ տնօրինելն է եւ դրանից շահույթ ստանալը։ Տարբեր պատճառներով մենատնտեսները մի ստվար մասը տարիների ընթացքում ձեռք բերելով «մենակյացի» հոգեբանություն (ի՞նչ կարող եմ ես անել մենակ ), հանդիպելով բազմաթիվ խոչընդոտների (բյուրոկրատական քաշքշուկներ, ժամանակին չստացված վարկ, գյուղտեխնիկայի ոչ ժամանակին ձեռքբերում ) եւ անհաջողությունների` հիասթափվում են կա՛մ տեղափխվում են քաղաք, կա՛մ այնքան հողատարածք են մշակում, անասուն ու թռչուն պահում, որ բավարարի միայն իրենց կարիքները։ Էլ չենք ասում, որ լքում են Հայրենիքը։ Համայնքային կյանքով ապրել պարզապես նշանակում է` լուծել «ես»-ի եւ «մենք»-ի փոխհարաբերակցության խնդիրը։ Ավելի պարզ` համայնքի յուրաքանչյուր անդամ ոչ միայն պետք է հոգա միայն իր եւ իր ընտանիքի անդամների մասին, այլ նաեւ ամբողջ համայնքի։ Իսկ դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ համայնքներում վերականգնվեն Համայնքային ծխական խորհուրդները, այսինքն՝ համայնքների հոգեւոր իշխանությունը։ Դրան զուգահեռ, համայնքներում արդյունավետորեն աշխատեցնելով հոգեւոր-մշակութային օջախները, կարճ ժամանակում կարող ենք հասնել ցանկալի արդյունքների։

Ժամանակակից իշխանավորների մեծամասնության գործելաոճը, իմ կարծիքով, ավելի շատ «վարչա-հրամայական» է, որը ազգային-հոգեւոր տեսանկյունից արդյունավետ չէ։
Կոնկրետ օրինակով ներկայացնեմ իմ տեսակետը, թե ինչպիսին պետք է լինի իշխանավորը։ Ենթադրեք մարդը բաժնի պետ է, որի ղեկավարությամբ աշխատում են երեք մասնագետներ։
Առաջին գործելաոճ։ Բաժնի պետը պարտավոր է ղեկավարել իր մասնագետներին, առաջնորդվելով «Աշխատանքային օրենսգրքով», աշխատավայրի ներքին կանոնադրությամբ համապատասխան հանձնարարականներ, առաջադրանքներ տալ իր ենթականերին, պահանջել դրանց ժամանակին եւ որակով կատարումը, աշխատապրոցեսում կիրառել խրախուսման եւ պատժի ձեւերը եւ այլն։

Երկրորդ գործելաոճ։ Բաժնի պետը պարտավոր է հոգ տանել իր խնամքին հանձնած մասնագետների մասին։ Հնարավորին չափով աջակցել իր աշխատակիցներին՝ բազմաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Նրանց համար լինել բարի խորհրդատու եւ արագահաս օգնական։

Առաջին գործելաոճը բոլորիս հայտնի «վարչա-հրամայականն է», իսկ երկրորդը պայմանականորեն կոչենք՝ «հոգեւոր-մտերմական»։ Միայն առաջին գործելաոճը կիրառելու դեպքում, մանավանդ ներկա ժամանակաշրջանում, անդունդ է առաջանում պետի եւ աշխատավորների միջեւ, իսկ միայն երկրորդ գործելաոճի կիրառման դեպքում՝ ստեղծվում է սահմանափակ պատասխանատվությամբ, ներփակ բարեգործական մի խումբ՝ «տնային եկեղեցի»։

Իմ կարծիքով՝ այդ երկու գործելաոճերի խելացի զուգակցման դեպքում է հնարավոր ազգային իշխանավոր կամ ղեկավար լինելը։
 Հուսով եմ, որ ներկա աշխարհաքաղաքական գործընթացները ճիշտ գնահատելով, համայն հայության բանականությունը կպարտադրի ներկայիս աշխարհիկ եւ հոգեւոր իշխանավորներին ավելի լուրջ մոտենալ իշխանությունների ձեւավորման խնդրին։ Վերականգնելով հոգեւոր իշխանությունը, հասարակության մեջ հաստատելով ազգային-հոգեւոր միաբանություն՝ կհաղթահարենք ցանկացած մարտահրավերներ։

    ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

06.05.2014

ԻՐԵՔ ԹԽԵԼԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ



    1932 թվին՝ կոլեկտիվացման էն ամենապըլըպելի տալիս վախտը, վեր եկեղեցին սովետական պետության աշկեն փոշն ա իլալ տեռած, մեր շենին Սուրբ Աստվածածինը գործելիս ա իլալ: Գիրեգի օրը  մարթիք քինալիս ըն իլալ եկեղեցի ( դյուզ ա առաչվա նման վուչ), մասնակցելիս պատարագի, հաղորթություն ստանալիս, քինալիս ուրանց տները: էն վախտը տա մեծ ռիսկի նհետ ա իլալ կապված, բայց մեր շինացիք կարո՞ղ ա դուխ չոնին:
    Մին թուռըթաց օր մեր շենը քըղաքան մին քանի կասկածելի մարթիք ըն եկալ, կոլխոզին ակտիվը հըվաքալ, ժողով ըն ըրալ, որոշալ, վեր եկեղեցի քինողներին պատժին, քանի վեր նրանք  «մեր դասակարքային թշնամինեն ըն»:
     Ժողովան յետը ժողովրթին կեսան շատը էլ քեցալ չըն եկեղեցի: Տա լհա մին անգյուն. շենումը ձեւավորվալ ա ջահիլների մին թայփա՝ անըմն էլ  տիրալ ըն՝ կամսամոլ:  Տրանց առաչին  նպատակը էն  ա իլալ՝ եկեղեցին քանդին: Սուբոտնիկ ըն հայտարարալ, վեր եկեղեցին քանդին, Տեր Ավետիսը՝ մեր շենի քահանան, վեր մին աժդահա, միջին տարիքի տղամարթ ա իլալ, ջահիլներին մին կոմբալ մհակավ խռեգ ա տըվալ, ասալ. «Լավ գիդացիք Աստծու տոնը քանդողին տոնը օրիշ ա քանդելու»:
      Էս կոմսոմոլնեն որոշում ըն Տեր Ավետիսին մին վնաս տան:  Գիրեգի օրը, Օշափեն ծորումը, էտ ախմաղնեն քահանին եկեղեցի քինալիս կըղնըցրալ ըն, շրջապատալ, Զըռըկլոխ Սերոժը մուտացալ ա, թա. «Տե՛ր Հայր, ասում ըս Ավետարանումը հինչ ա կիրած, վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա»:  Համ ասալ ա, համ քահանին էրկու հետ թխալ: Տեր Ավետիսը ասալ ա. «Ա վերթի Ավետարանը քու խելքիտ պենը չի, կիրածը դյուզ չըս հասկացալ, թխելիտ հետի էլ էս անքամ քեզ ներում ըմ, ըռաչաս տեն կաց, պատարագա ուշանում ըմ»: Էս Զըռըկլոխը գյուդում ա, թա քահանան վխելան ա տի ասում, մե հետ էլ ա թխում: Տեր Ավետիսը  խաչը պկան տյուս ա օնում, տինում մի քարի յիրա, բիդի երգինք յեշում, քթեն տակեն մին քանի պեն ասում, խաչակնքում, Սերոժին դուդվին տամ: Էս Սերոժը վենները կըլխըյեր ա անում:  Հնգերունքը, վեր տի տեսնում ըն, թողում ըն փախճում, մինակ Սերոժին ախպեր Համոն ա մնամ: Տեր Ավետիսն ա Համոն Սերոժին վընըկըլխան փռնում ըն տանում Ցորցոտ ախպուրը, ճիրավ տամ, յետ պերում:
     Էքսը օրը Սերոժին հարը՝ գյուղսովետի նախագահ Սարքիսջանանց Վարթանը, քինում ա թուշ Եպիսկոպոսին   կոխկը. պատմում, թա հունց ա ուրան քսաներկու տարեկան, փառաշ խուխեն Տեր Ավետիսը թակալ: Եպիսկոպոսը ուշադիր սկանում ա, բայց հըվատում չի, վեր կարող ա Տեր Ավետիսը մարթու յիրա ծերք պիցըրցընե: Սրբազանը սարկավագ Սուրենին  ղարկում ա քահանին հետան: Քահանան կյամ ա, պատմում, թա հունց ա իլալ:
    Վարթան դային ասում ա. «Սրբազան հա՛յր, ախր Ավետարանումը հունցը կիրած ա մեր Սերոժը տի էլ ըրալ ա՝ քահանին փորցելի հետի յա թխալ, քահանան իրավունք չոնե մեր խոխին թխե»:
- Վարթան վարժապետ,  տու լհա մին կըրթված մարթ ըս, Ավետարանումը հո՞ւնց ա կիրած՝ «վեր աչի թոշիտ թըխում ըն, ծախն էլ տեմ ըրա»,  այսինքն երկու հետ թխելի հետի յա կիրած, պա ծեր խոխան քանի՞ հետ ա թխալ՝ իրե՛ք: Հինչքան հիշում ըմ Ավետարանումը իրեք հետ թխելի հետի պեն չի կա կիրած: Ուրեմն՝ քահանան դյուզ ա ըրալ:
- Հինչ ըմ ասում Սրբազան, էս անքամ տուք ըք դյուզ, - ասում ա Վարթան դային, քոռ ու փեշման ետ տեռնում, քինամ տոն:

10.02.2014

Շարժումը սկսվեց տարերայնորեն

Արցախում ազգային-ազատագրական շարժումը սկսեցինք՝ համապատասխան առաջնորդող մարմիններ չունենալով: «Ղարաբաղ», «Կռունկ» եւ «Միացում» կոմիտեները ոչ թե շարժումն առաջնորդող կառույցեր էին, այլ հենց շարժումը ծնունդ տվեց դրանց:

Դեռ ինստիտուտի տարիներից պետանվտանգությունը ինձ ճանաչում էր որպես ազգայնական: ՊԱԿ-ի ավագ լեյտենանտ Սուչկովն անընդհատ փորձում էր պատճառ գտներ, որ ինձ հեռացներ ինստիտուտից: Հակառակի պես, ես լավ էի սովորում, դասերից չէի բացակայում:

Դպրոցում աշխատելուս տարիներին ինձ մի քանի անգամ հրավիրեցին Ժողկրթբաժին` զգուշացրեցին, որպեսզի զերծ մնամ Արցախում ազգային գաղափարներ տարածելուց: Այնտեղ իմացել էին, որ դասղեկական ժամին աշակերտներին բարձրացրել էի հայկական սրբատեղի եւ ասել, որ Ջամլու գյուղը հայկական է եւ այն նորից պիտի ազատագրվի:

«Արցախական» միությունը

Թե ՛ ուսանողական, թե՛ Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանում աշխատելուս տարիներին եղել եմ գաղտնի խմբերի անդամ: Վերակառուցման տարիներին այդ խմբերն ակտիվացան: 1986 թ.-ին քաղաքի ազգայնական խմբերի ղեկավարներով արդեն միմյանց ճանաչում էինք: Ինձ դիմեց դրանցից մեկի ղեկավարը՝ Սերժ Առուշանյանը՝ առաջարկելով միավորել բոլոր խմբերը:  Ես համաձայնվեցի, ծանոթացանք տղաների հետ, եւ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ հիմնադրեցինք «Արցախական» միությունը:

Սկզբնական շրջանում միությանն անդամակցում էին մոտ 10 հոգի: Մեր շարքերում չկային պաշտոնյաներ, ովքեր կարող էին խոչընդոտել շարժմանը: Մնում եմ այն համոզմանը, այդ շարժումը ձեւավորվել է տարերայնորեն:

Բոլոր ակտիվիստների վերաբերյալ տեղեկություններ ունեի: Հետագայում, երբ LXH ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր էի, առաջարկեցի ստեղծել հատուկ հանձնաժողով, բացել արխիվները եւ ցույց տալ, թե «ով ՝ ով է»: Սակայն Ռոբերտ Քոչարյանը վեր կացավ եւ ասաց. «Ուզում ես, որ քաղաքացիական պատերազմ սկսվի՞»: Կային մարդիկ, ովքեր շարժման դեմ էին, սակայն հետո փոխեցին իրենց հայացքները: Եթե արխիվները բացվեին, բոլորն էլ կիմանային. «ով՝ ով է»:  

Մեր միության առաջին քայլը Հայաստանի հետ Արցախի վերամիավորման համար ստորագրություններ հավաքելն էր: Երեւանից բերեցինք հատուկ ձեւաթուղթ, որտեղ հստակ պիտի նշվեին ստորագրողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը: Համոզեցինք մարդկանց, որ պետք է ոչ թե հորինված, այլ իրական անուններով ստորագրություններ հավաքենք: Արդեն 1987 թ.-ին ունեինք հազարավոր ստորագրարություններ, որոնք հանձնեցինք Իգոր Մուրադյանին եւ դրանք ուղարկվեցին Մոսկվա:

Առաջին ցույցերը Ստեփանակերտում 

1988 թ. սկզբին Արցախի գրեթե բոլոր խոշոր գործարանները, բացի մեր՝ Ստեփանակերտի Կոնդեսատորների գործարանից, ժողովներ էին կազմակերպել ու Հայաստանի հետ Արցախի միավորման վերաբերյալ որոշումներ ընդունել: Մեր գործարանի տնօրենը՝ Ասկարյանը, ԼՂԻՄ առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի «աջ ձեռքն էր» եւ դա էր պատճառը, որ մեր գործարանի աշխատակիցները չէին միանում հանրահավաքներին: Որոշեցի մտնել տնօրենի մոտ եւ ասել. «Ընկեր Ասկարյան, կամ Դուք եք ժողով հրավիրում, կամ ես»: Փետրվարի 12-ին հրավիրվեց գործարանի աշխատակիցների ժողով, որի արդյունքում մեր գործարանը եւս միացավ հանրահավաքին: Փետրվարի 13-ին Ստեփանակերտում անցկացվեց առաջին բազմամարդ հանրահավաքը: Ցույցի ժամանակ մարդիկ վանկարկում էին՝ «Միացում», «Մայր Հայաստան»:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Փետրվարի 13-ից հետո հանրահավաքները դարձան ամենօրյա:  Որոշ ժամանակ հետո զորքերը զբաղեցրին հրապարակը՝ թույլ չտալով հանրահավաքների անցկացումը: Սակայն մենք չընկճվեցինք, սկսեցինք քայլերթերը: Փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ: Նրանք հայրենասիրական երգեր էին երգում եւ քայլում ողջ քաղաքով:

1988 թ. մարտի 24-ին Մոսկվան որոշում ընդունեց Արցախին մոտ 500 միլիոն ռուբլի տրամադրելու մասին: Շատերը մինչ այսօր պնդում են, որ մենք պիտի վերցնեինք այդ գումարը: Սակայն ես գտնում եմ, որ եթե մենք այդ քայլին գնայինք, շարժումը ճեղք կտար: Մոսկվայի նպատակն էլ հենց դա էր՝ պառակտել շարժումը:

Ամեն ջանք գործարդրվում էր շարժումը կանգնեցնելու համար: Սկզբում փորձում էին «սիրաշահել» ակտիվիստներին, տարբեր պաշտոններ խոստանալով, իսկ հետո արդեն սկսվեցին ձերբակալությունները:

Զենքերը տեղափոխում էինք կաթի մեքենաներով

Մենք պատրաստ չէինք շարժմանը: Պատրաստ չէին նաեւ մեր հայրենակիցները, ովքեր ապրում էին Բաքվում, Կիրովաբադում: Նրանք պնդում էին, որ խաղաղ ապրում են ադրբեջանցիների հետ: Սակայն շարժման մասնակիցները լավ գիտակցում էին, որ զինված բախումն ու անգամ պատերազմն անխուսափելի են:

Մեր միության նպատակներից էր նաեւ մարդկանց նախապատրաստել պատերազմին: Առաջին զենքը ձեռք բերեցինք մեր միության հավաքած անդամավճարներով՝ Բերձորի շրջանից մի քրդից 600 ռուբլիով հրացան գնեցինք:

Բայց երբ շարժումն արդեն հասել իր գագաթնակետին, ադրբեջանցիները ռուսների օգնությամբ հավաքեցին բնակչության մոտ առկա զենքերը, անգամ որսորդական հրացանները: Դրանից հետո սկսեցինք զբաղվել Երեւանից Արցախ զենքերի փոխադրմամբ: Երբ նոր էինք սկսել Երեւանից ինքնաթիռով զենքեր տեղափոխել, զենք փոխադրող տղան բռնվեց Ստեփանակերտի օդանավակայանում: Այդ դեպքից հետո հսկողությունը շատ խստացավ եւ ստիպված եղանք զենքերն ուղղաթիռներով հասցնել Շահումյան, իսկ այնուհետ մեքենայով դրանք տեղափոխել Ստեփանակերտ: Պայմանավորվածություն ունեինք կաթի գործարանի հետ, որպեսզի զենք տեղափոխենք կաթի մեքենաներով:


Ցույց Ստեփանակերտում:
Լուսանկարը` http://englishar.wordpress.com կայքից:

Իրավիճակը մեզ պարտադրեց նաեւ, որպեսզի սկսենք զենք արտադրել հենց Արցախում: Մինչեւ հիմա քչերը գիտեն, թե ինչպե՞ս եւ որտեղի՞ց հայտնվեցին ֆիթիլով առաջին նռնակները: Մոտ 1 200 հատ այդպիսի նռնակ ես էի պատրաստել:

Հեղափոխության սինդրոմ

Շարժման առաջին օրերից մենք լավ գիտակցում էինք, որ ազգային-ազատագրական շարժումը կարող է վերածվել հեղափոխության, եւ Արցախի պարագայում այդպես էլ եղավ: Սակայն մենք չենք առաջնորդվել հեղափոխությանը բնորոշ օրինաչափություններով, քանի որ շարժմանը չենք մոտեցել «գիտական տեսանկյունից»: Այդ պատճառով մինչեւ հիմա չենք կարողացել ձերբազատվել հեղափոխության եւ պատերազմի բացասական սինդրոմից:

Աշոտ Սարգսյանի հետ զրուցել է Եկատերինա Պողոսյանը:

http://www.mediamax.am/am/news/sharjum25/7020/

ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՅԼ ՀՈՍԱՆՔՆԵՐԻՑ


Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով և Սահմանադրությամբ, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը, նրա դարավոր հոգևոր փորձն ու ավան
դույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի` ԼՂՀ Ազգային Ժողովն ընդունել է օրենք` խղճի, ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, որտեղ ասվում է. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր (հոդված 1)՚:

Գոյություն ունի նաև կրոնական կազմակերպությունների իրավունքների մասին 8-րդ հոդվածը, որում ասվում է. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը (դավանաորսությունը)՚, սակայն, հակառակ այս ամենի, Արցախում գործում են տարբեր կրոնական հոսանքներ, որոնք աղավաղում են մեր հասարակության ինքնությունը:
Այս խնդրի շուրջ էր Արցախի Հանրապետության կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի հետ բանավեճը ԱրՊՀ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը քննարկվեցին հանրապետությունում օրեցօր շատացող աղանդավորական կազմակերպությունների, դրանց գործունեության, ինչպես նաև դրանցից խուսափելու և զգուշանալու մասին հարցեր:

Նրանք բազմիցս են դիմել կառավարություն, իրենց գործունեությունն ու հավաքները օրինականացնելու համար, սակայն մերժում են ստացել, քանի որ, ինչպես նշված է հոդված 8-ում, հոգևորսությունը անօրինական է մեր երկրում:

Կայացել է դատավարություն, որին մասնակցել են 5-6 իրավապաշտպաններ, միջազգայնագետներ: Դատարան նրանք ներկայացել են այն հիմունքով, որ իրենք Լեռնային Ղարաբաղում գոյություն են ունեցել դեռևս 1993-ից: Սակայն մերժվել է նրանց դիմումը:

Ըստ Ա. Սարգսյանի` հնարավոր կլիներ խուսափել նման երևույթներից, եթե ժամանակին կանխվեր նրանց գործունեությունը: Սակայն դրա իրականացմանը խոչընդոտել են մի շարք հանգամանքներ, որոնցից է Արցախում գոյացած պատերազմական իրավիճակը, որի ժամանակ նրանց ներում է շնորհվել և որի արդյունքում ազատ և առանց խոչընդոտների կարողացել են զբաղվել իրենց հոգևորս գործունեությամբ:
ՙՊետք է խուսափել նմանատիպ դավանաորսներից, քանի որ այդ ծուղակն ընկնողը դժվար թե կարողանա նորից դուրս գալ՚,-նշում է Ա.Սարգսյանը:

Խոսվեց նաև հանրապետությունում առկա ազգային փոքրամասնությունների մասին: ԼՂՀ – ում ներկայումս կա գրանցված 6 ադրբեջանցի, 172 ռուս, 8 վրացի, 22 ուկրաինացի, 22 պարսիկ: Գործում է նաև հունական համայնք: Ա. Սարգսյանի խոսքերով` ցավալի է, որ Արցախում ազգային փոքրամասությունները քիչ են: Դրա պատճառը ևս արցախյան պատերազմն է: Պատերազմից առաջ ԼՂԻՄ Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն` Ղարաբաղում գտնվող ազգային փոքրամասնությունները իրենց ցանկությամբ կարող են լքել երկիրը:

Երկրի ֆինանսական աջակցությամբ նրանք լքել են Արցախը: Սակայն այժմ Արցախում ստեղծված են նպաստավոր պայմաններ ազգային փոքրամասնությունների համար` պահպանելու և կատարելու իրենց ազգային-կրոնական ավանդույթներն ու ծեսերը:

Հանդիպմանը կրոնի հարցերի բաժնի վարիչը խոսեց նաև մեր հասարակությունում առկա այլ արատավոր և ոչ պակաս վտանգավոր երևույթների մասին, ինչպիսիք են բախտագուշակություններն ու էքստրասենսությունները, որոնք, Ա. Սարգսյանի խոսքերով, սատանայական են և մեր եկեղեցուն դեմ:
Վերջում Ա. Սարգսյանը ուսանողների կողմից հնչած բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ:

 Ռուզաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

http://aparaj.am/