Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին Հռչակագրով և Սահմանադրությամբ, նկատի ունենալով հայ ժողովրդի հոգևոր զարթոնքը, նրա դարավոր հոգևոր փորձն ու ավան
դույթները, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի` ԼՂՀ Ազգային Ժողովն ընդունել է օրենք` խղճի, ազատության և կրոնական կազմակերպությունների մասին, որտեղ ասվում է. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ապահովվում է քաղաքացիների խղճի և կրոնական դավանանքի ազատությունը: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն է որոշում իր վերաբերմունքը կրոնի նկատմամբ, իրավունք ունի դավանելու ցանկացած կրոն կամ չդավանելու ոչ մի կրոն, անձնապես կամ այլ քաղաքացիների հետ համատեղ կատարելու կրոնական ծեսեր (հոդված 1)՚:
Գոյություն ունի նաև կրոնական կազմակերպությունների իրավունքների մասին 8-րդ հոդվածը, որում ասվում է. ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը (դավանաորսությունը)՚, սակայն, հակառակ այս ամենի, Արցախում գործում են տարբեր կրոնական հոսանքներ, որոնք աղավաղում են մեր հասարակության ինքնությունը:
Այս խնդրի շուրջ էր Արցախի Հանրապետության կառավարության Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանի հետ բանավեճը ԱրՊՀ բանասիրության և լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ: Հանդիպմանը քննարկվեցին հանրապետությունում օրեցօր շատացող աղանդավորական կազմակերպությունների, դրանց գործունեության, ինչպես նաև դրանցից խուսափելու և զգուշանալու մասին հարցեր:
Նրանք բազմիցս են դիմել կառավարություն, իրենց գործունեությունն ու հավաքները օրինականացնելու համար, սակայն մերժում են ստացել, քանի որ, ինչպես նշված է հոդված 8-ում, հոգևորսությունը անօրինական է մեր երկրում:
Կայացել է դատավարություն, որին մասնակցել են 5-6 իրավապաշտպաններ, միջազգայնագետներ: Դատարան նրանք ներկայացել են այն հիմունքով, որ իրենք Լեռնային Ղարաբաղում գոյություն են ունեցել դեռևս 1993-ից: Սակայն մերժվել է նրանց դիմումը:
Ըստ Ա. Սարգսյանի` հնարավոր կլիներ խուսափել նման երևույթներից, եթե ժամանակին կանխվեր նրանց գործունեությունը: Սակայն դրա իրականացմանը խոչընդոտել են մի շարք հանգամանքներ, որոնցից է Արցախում գոյացած պատերազմական իրավիճակը, որի ժամանակ նրանց ներում է շնորհվել և որի արդյունքում ազատ և առանց խոչընդոտների կարողացել են զբաղվել իրենց հոգևորս գործունեությամբ:
ՙՊետք է խուսափել նմանատիպ դավանաորսներից, քանի որ այդ ծուղակն ընկնողը դժվար թե կարողանա նորից դուրս գալ՚,-նշում է Ա.Սարգսյանը:
Խոսվեց նաև հանրապետությունում առկա ազգային փոքրամասնությունների մասին: ԼՂՀ – ում ներկայումս կա գրանցված 6 ադրբեջանցի, 172 ռուս, 8 վրացի, 22 ուկրաինացի, 22 պարսիկ: Գործում է նաև հունական համայնք: Ա. Սարգսյանի խոսքերով` ցավալի է, որ Արցախում ազգային փոքրամասությունները քիչ են: Դրա պատճառը ևս արցախյան պատերազմն է: Պատերազմից առաջ ԼՂԻՄ Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որի համաձայն` Ղարաբաղում գտնվող ազգային փոքրամասնությունները իրենց ցանկությամբ կարող են լքել երկիրը:
Երկրի ֆինանսական աջակցությամբ նրանք լքել են Արցախը: Սակայն այժմ Արցախում ստեղծված են նպաստավոր պայմաններ ազգային փոքրամասնությունների համար` պահպանելու և կատարելու իրենց ազգային-կրոնական ավանդույթներն ու ծեսերը:
Հանդիպմանը կրոնի հարցերի բաժնի վարիչը խոսեց նաև մեր հասարակությունում առկա այլ արատավոր և ոչ պակաս վտանգավոր երևույթների մասին, ինչպիսիք են բախտագուշակություններն ու էքստրասենսությունները, որոնք, Ա. Սարգսյանի խոսքերով, սատանայական են և մեր եկեղեցուն դեմ:
Վերջում Ա. Սարգսյանը ուսանողների կողմից հնչած բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ:
Ռուզաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
http://aparaj.am/
Комментариев нет:
Отправить комментарий